Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Ինչի մասին է այս խորհրդարանը

Ինչի մասին է այս խորհրդարանը
11.02.2023 | 10:36

Այս ԱԺ-ի ամենաազդեցիկ գործիչն այլևս գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն է։ Սա տխուր, բայց տրամաբանական հանգրվան էր։ Պետությունն ինքն է վերածվել մի մեծ քրեական գործի։ Այս հանգրվանին բերեց իշխող քաղաքական ուժը՝ ամեն կերպ իշխանություն պահելու իր վտանգավոր ցանկությամբ, ինչպես նաև ընդդիմությունը՝ չհաշվարկված ու հաճախ՝ ապաքաղաքական պահվածքով։


Այս ԱԺ-ն այսօր արդեն ոչնչի մասին է՝ թե´ իր բովանդակությամբ, թե´ իր համամասնությամբ։ 2021 թվականի ընտրական համամասնությունը և տրամաբանությունը խախտվել են ամբողջությամբ։
Ակնհայտ է, որ ՔՊ-ն և Նիկոլն այլևս չունեն 680 հազար ձայն, հետևաբար՝ այդքան մանդատ։ Նրանց սոցիալական և էլեկտորալ բազան բազմակի անգամ փոքրացել է։
«Պատիվ ունեմ»-ի մի կեսը չկա։
«Հայաստան» դաշինքից մի գործընկերը պաշտոնապես ապահարզան է տվել, Քոչարյանի թիմակիցները ազատվող մանդատները հայտնի պատճառներով չեն վերցնում, իսկ Դաշնակցության պատգամավորների թիվն արհեստականորեն մեծանում է։ Ողջ հարգանքով հանդերձ՝ Դաշնակցության հանդեպ, պետք է անկեղծորեն ասել, որ 270 հազար ընտրազանգվածը դաշնակցության ընտրազանգվածը չէր, և ձևավորված համամասնությունն արհեստական է։


Եվ վերջապես՝ դաշինքի առաջին համարը՝ դժվար պահին երկիրը առաջնորդելու հայտ ներկայացրած Ռ. Քոչարյանը, երկար ժամանակ է՝ որևէ հարցով չի շփվում հասարակության հետ։ Անգամ՝ շրջափակված Արցախի հարցով։
Այլ իրողություններ.


1. Ընդդիմադիր երկու խմբակցություններում կան բավականին պատրաստված և ունակ դեմքեր, որոնք կարող են և պետք է ունենան կարևոր դեր՝ Հայաստանի վերականգնման գործում։ Շատ ափսոս է, որ նրանք կոնսերվացվում են անհասկանալի ձևաչափերում։ Այդ պրոցեսի երկարացման վտանգն այն է, որ շատերն ուղղակի մաշվելու են։


2. Ակնհայտորեն ձևավորվել է նոր հանրային ազդեցիկ շերտ, և հենց նրանք են ամենօրյա ռեժիմով գեներացնում միտք, ձևավորում օրակարգ, հանրային տրամադրություններ։ Բայց նրանք չկան ԱԺ-ում։ Սա նույնպես արհեստական վիճակ է։


3. Շատ հետաքրքիր վիճակ է ՀՀԿ-ում։ Մի խումբ գործիչներ իրավամբ այսօր ամենապատրաստված ու փորձ ունեցող, նաև՝ այսօր դաշտում առավել ակտիվ դեմքերից են, բայց խորհրդարանում չեն, և նրանց հետ ԱԺ-ում ասոցացվում է ի սկզբանե ՀՀԿ-ի հետ կապ չունեցող մի անվանացանկ։


4. ՔՊ-ն. այնտեղ կան մարդիկ, ովքեր, լինելով այդ թիմում, հոգու խորքում չեն կիսում ո´չ «Երկիր Նաիրի», ո´չ «Երկիր դատախազություն» վիճակները։ Ոմանք էլ չեն հասկանում դրանց ողբերգականությունը։ Բայց այլ միջավայրում, այլ ձևաչափերում կարող են լինել լրիվ այլ արդյունավետությամբ, անգամ՝ օգտակար մարդիկ։


5. Եվ վերջապես՝ կա ճչացող հանրային պահանջ՝ ՆՈՐ քաղաքական-հանրային օրակարգի։
Հետևություն. այս ԱԺ-ն ոչնչի մասին է։ Այն չունի հանրային լեգիտիմություն, և այն չունի ոչինչ՝ տալու հանրությանը և երկրին։ Չի հասկացվում, թե ո´ր խմբակցությունը ո´ր ընտրազանգվածն է ներկայացնում, կամ՝ որ քաղաքական ուժին։ Սա պետական և անհատական իներցիայի հետևանք է։ Բայց դա չի նշանակում, որ հրատապ արտահերթ ընտրություններ են պետք։ Դա նույնպես կլինի ընտրություն՝ ոչնչի մասին, որովհետև դեռ չի բյուրեղացել նոր բովանդակություն, չեն ձևավորված նոր առողջ ու իրական ձևաչափեր։ Դա չի նշանակում նաև, որ այսպես կարող է երկար շարունակվել։ Թողնել այսպես՝ ինքնահոսի, նշանակում է՝ բոլորով սպասել պետական-պատմական աղետին։


Ոչ թե սպասել, այլ՝ կասեցնել աղետը
Հայաստանը կարիք ունի նոր պոզիտիվ օրակարգի։ Դա պետք է անեն նոր, առողջ թիմերը-ձևաչափերը։ Նրանց առաքելությունը ոչ թե նիկոլենց հայհոյելն է, այլ՝ ժողովրդին զարգացման նոր բովանդակություն ներկայացնելը, խաղաղության սեփական տեսլականը, նոր խաղի կանոնների ու նոր տիպի պետության ծրագիրը։ Առաջ գնալու պոզիտիվ առաջարկը։
Սա նաև էապես կթուլացնի ներքին չարությունը, որը հիմա խժռում է բոլոր ռացիոնալ գաղափարները։
Բայց սա պետք է արվի արագ, ավելի ճիշտ՝ սա պետք էր անել, երեկ, որովհետև ժամանակը քիչ է։ Ըստ Ալիևի՝ մեկ տարի, գուցե՝ ավելի քիչ։


(Շարունակելի)
Վահե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 12077

Մեկնաբանություններ